Հյուսիսատլանտյան դաշնագիր

Վաշինգտոն - ապրիլի 4, 1949թ.

  • 04 Apr. 1949 -
  • |
  • Last updated 17-Nov-2015 18:36

Սույն համաձայնագրի կողմերը հաստատում են իրենց հավատը այն նպատակների եւ սկզբունքների հանդեպ, որոնք շարադրված են Միացյալ ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ եւ հավաստիացնում են այլ ժողովուրդների ու բոլոր կառավարությունների հետ խաղաղ համագոյակցելու իրենց ցանկության մասին: Նրանք վճռականորեն են տրամադրված պահպանելու իրենց ժողովուրդների ազատությունը, ընդհանուր ժառանգությունը եւ քաղաքակրթությունը, որոնք հիմնված են ժողովրդավարության, անհատի ազատության եւ օրենքի գերակայության սկզբունքների վրա: Նրանք ձգտում են խթանել կայունությունը եւ բարեկեցությունը Հյուսիսատլանտյան տարածաշրջանում:

Նրանք որոշում են համախմբել իրենց ջանքերը` հավաքական պաշտպանության եւ խաղաղության ու անվտանգության պաշտպանության նպատակով: Այսպիսով, նրանք համաձայնվում են կնքել սույն Հյուսիսատլանտյան դաշնագիրը:

Հոդված 1

Ինչպես նախատեսում է Միացյալ ազգերի կանոնադրությունը, կողմերը պարտավորվում են ցանկացած միջազգային հակամարտություն լուծել խաղաղ ճանապարհով, այնպես, որ միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, ինչպես նաեւ արդարությունը չվտանգվեն: Նրանք պարտավորվում են նաեւ իրենց միջազգային հարաբերություններում զերծ մնալ սպառնալիքների կամ ուժի այնպիսի կիրառումից, որը հակասում է Միացյալ ազգերի նպատակին:

Հոդված 2

Կողմերն իրենց ներդրումը կունենան խաղաղ եւ բարեկամական միջազգային հարաբերությունների հետագա զարգացման գործում` ամրապնդելով իրենց ազատ ինստիտուտները, նպաստելով այդ ինստիտուտների գործունեության հիմքում ընկած սկզբունքների առավելագույն ընկալմանը եւ խթանելով կայունության ու բարեկեցության պայմանների ապահովման գործընթացը: Նրանք կփորձեն վերացնել հակամարտություններն իրենց միջազգային տնտեսական քաղաքականություններից եւ կխրախուսեն տնտեսական համագործակցություն մի քանի կամ բոլոր կողմերի միջեւ:

Հոդված 3

Սույն դաշնագրի նպատակներին արդյունավետորեն հասնելու համար Կողմերը` առանձին կամ միասին, շարունակական եւ արդյունավետ ինքնաօժանդակության եւ փոխադարձ աջակցության շնորհիվ կպահպանեն եւ կզարգացնեն իրենց անհատական ու հավաքական կարողությունը` դիմադրելու զինված հարձակման:

Հոդված 4

Կողմերը կխորհրդակցեն բոլոր այն դեպքերում, երբ իրենց կարծիքով վտանգված է կողմերից որեւէ մեկի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը:

Հոդված 5

Կողմերը համաձայնվում են, որ զինված հարձակումը Կողմերից մեկի կամ մի քանիսի վրա Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում կդիտարկվի որպես հարձակում ընդդեմ բոլորի, հետեւաբար, նրանք համաձայնվում են, որ եթե նման զինված հարձակում կատարվի, ապա նրանցից յուրաքանչյուրը, ըստ Միացյալ ազգերի կանոնադրության 51-րդ հոդվածի, որով ճանաչվում է անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության իրավունքը, կօժանդակի այն կողմին կամ կողմերին, որոնց վրա հարձակում է կատարվել` անմիջապես անհատական կամ մյուս կողմերի հետ համախմբված գործողություն ձեռնարկելով, ներառյալ զինված ուժի կիրառումը: Նման գործողության նպատակն է Հյուսիս-ատլանտյան տարածաշրջանում անվտանգության վերականգնումն ու պահպանումը:

Յուրաքանչյուր նման հարձակման եւ դրան որպես պատասխան ձեռնարկված գործողությունների մասին պետք է անմիջապես տեղեկացնել Անվտանգության խորհրդին: Նման գործողությունները պետք է ավարտել, երբ Անվտանգության խորհուրդը ձեռնարկի համապատասխան միջոցներ միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու եւ պահպանելու ուղղությամբ:

Հոդված 6 ¹

5-րդ հոդվածը պարզաբանելու նպատակով զինված հարձակումը սահմանվում է որպես զինված հարձակում, որը

  • տեղի կունենա Եվրոպայի կամ Հյուսիսային Ամերիկայի այն պետությունների տարածքներում, որոնք համարվում են կողմեր, Ֆրանսիայի ալժիրյան տարածքներում ², Խեցգետնի արեւադարձից հյուսիս ընկած այն տարածքներում կամ կղզիներում, որոնք գտնվում են Հյուսիսատլանտյան տարածաշրջանում գտնվող կողմերի իրավասության ներքո,
  • կատարվում է ընդդեմ կողմերի զինված ուժերի, նավերի կամ օդանավերի վրա, երբ տեղի է ունենում Եվրոպայի այն տարածքներում, որտեղ կողմերի օկուպացիոն ուժերը տեղակայված են մինչ այն օրը, երբ ուժի մեջ կմտնի սույն դաշնագիրը, կամ էլ Միջերկրական ծովում, կամ Հյուսիսատլանտյան տարածաշրջանում գտնվող` Խեցգետնի արեւադարձից հյուսիս ընկած տարածքներում կամ կղզիներում:

Հոդված 7

Սույն դաշնագիրը չի ազդում եւ չպետք է մեկնաբանվի որեւէ կերպ որպես ազդեցության փորձ Միացյալ ազգերի կազմակերպության անդամ հանդիսացող կողմերի այն իրավունքների եւ պարտականությունների վրա, որոնք հաստատված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ, կամ էլ որպես փորձ` ազդելու Անվտանգության խորհրդի հիմնական պարտականության` միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման վրա:

Հոդված 8

Յուրաքանչյուր կողմ հայտարարում է, որ իր եւ կողմերից որեւէ մեկի կամ մեկ այլ, երրորդ պետության միջեւ տվյալ պահին առկա ոչ մի միջազգային պայմանավորվածություն չի հակասում սույն դաշնագրի դրույթներին: Այն պարտավորվում է չմասնակցել որեւէ միջազգային պայմանավորվածության, եթե այն հակասում է սույն դաշնագրին:

Հոդված 9

Սույնով կողմերը ձեւավորում են մի Խորհուրդ, որտեղ ներկայացված կլինի Կողմերից յուրաքանչյուրը: Խորհուրդը կքննարկի սույն դաշնագրի իրականացման հետ կապված հարցեր: Խորհուրդը կկազմակերպվի այնպես, որ այն կարողանա խորհրդակցության նպատակով շտապ հավաքվել ցանկացած ժամանակ: Այն կարող է անհրաժեշտության դեպքում ձեւավորել ենթակառույցներ. մասնավորապես, այն պետք է անմիջապես հաստատի պաշտպանության հանձնաժողով, որը կառաջարկի համապատասխան միջոցներ` հոդված 3-ը եւ 5-ը իրականացնելու համար:

Հոդված 10

Հիմնվելով միաձայն համաձայնության վրա` կողմերը կարող են հրավիրել ցանկացած այլ եվրոպական պետության միանալ դաշնագրին, եթե վերջինս կարող է աջակցել դաշնագրի սկզբունքների տարածմանը եւ նպաստել Հյուսիսատլանտյան տարածաշրջանում անվտանգության ապահովմանը: Յուրաքանչյուր հրավիրված պետություն կարող է դառնալ սույն դաշնագրի կողմ` Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանն ի պահ հանձնելով միանալու համար անհրաժեշտ վավերագիր:

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը կողմերից յուրաքանչյուրին կտեղեկացնի միանալու համար անհրաժեշտ յուրաքանչյուր այսպիսի վավերագրի մասին:

Հոդված 11

Սույն դաշնագիրը կվավերացվի եւ կողմերը կիրականացնեն դրա դրույթները` համաձայն յուրաքանչյուրի սահմանադրական գործընթացի: Վավերագրերը պետք է ի պահ հանձնվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը որքան հնարավոր է շուտ: Վերջինս կտեղեկացնի մյուս Կողմերին ի պահ հանձնված յուրաքանչյուր վավերագրի մասին:

Դաշնագիրն ուժի մեջ կմտնի այն պետությունների միջեւ, որոնք հաստատել են այն եւ հենց այն պահից, երբ ավանդապահին ի պահ կհանձնվի դաշնագիրը ստորագրող կողմերի վավերագրերի մեծամասնությունը` դրանց թվում Բելգիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Միացյալ Թագավորության եւ Միացյալ Նահանգների: Իսկ մյուս պետություններում այն ուժի մեջ կմտնի այն օրվանից, երբ նրանք ի պահ կհանձնեն իրենց վավերագրերը: ³

Հոդված 12

Դաշնագրի ուժի մեջ մտնելուց տաս տարի անց, կամ դրանից հետո, եթե կողմերից որեւէ մեկը հանդես գա նման խնդրանքով, կողմերը պետք է վերանայեն դաշնագիրը` ի նկատի ունենալով այն գործոնները, որոնք տվյալ ժամանակահատվածում կարող են ազդել Հյուսիսատլանտյան տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության վրա, ներառյալ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանվող համընդհանուր եւ տարածաշրջանային կազմավորումների զարգացումը:

Հոդված 13

Դաշնագրի ուժի մեջ մտնելուց քսան տարի անց յուրաքանչյուր կողմ իրավունք ունի դադարեցնել իր մասնակցությունը դրան, եթե նա նախապես, մեկ տարի առաջ, հրաժարականի հայտ է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը, որը պետք է տեղեկացնի կողմերի կառավարություններին յուրաքանչյուր հրաժարականի հայտի ավանդման մասին:

Հոդված 14

Սույն համաձայնագիրը, որի անգլերեն եւ ֆրանսերեն օրինակները հավասարազոր են, ի պահ կհանձնվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության պահոցներում: Այդ կառավարության կողմից մյուս ստորագրող կողմերին կփոխանցվեն համաձայնագրի վավերացված պատճեները:

 

  1. 5-րդ հոդվածում նշված տարածքների սահմանումը վերանայվեց Հյուսիսատլանտյան համաձայնագրի արձանագրության երկրորդ հոդվածով, երբ 1951 թվականի հոկտեբերի 22-ին Հունաստանն ու Թուրքիան մտան ՆԱՏՕ:
  2. 1963 թվականի հունվարի 16-ին Հյուսիսատլանտյան խորհուրդը նշեց, որ այն պարբերությունները, որոնք վերաբերվում են Ֆրանսիայի ալժիրյան տարածքներին 1962 թվականի հուլիսի 3-ից ի վեր, համարվում են անվավեր:
  3. Դաշնագիրն ուժի մեջ մտավ 1949 թվականի օգոստոսի 24-ին, բոլոր ստորագրող կողմերի վավերագրերն ի պահ տալուց հետո: